Երեկ Փարիզում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։
Հանդիպումը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրենը և քարտուղարության գլխավոր պատասխանատուները, նվիրված էր 2018-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանը Միկաել Ժանին տեղեկացրել է, որ Հայաստանում պատասխանատվությամբ են վերաբերվում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և այդ հարցը ներառված էր դեկտեմբերին ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, որի արդյունքներով պետության ղեկավարը հանձնարարել է ստեղծել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։
Զրուցակիցները քննարկել են գագաթնաժողովի անցկացման ժամկետները, հանգամանալից անդրադարձել բովանդակային և կազմակերպչական հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Միկաել Ժանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական խմբի առաջին առաքելության Երևան այցի մասին։
Հանդիպմանն անդրադարձ է արվել նոյեմբերին Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի արդյունքներին, ընդունված որոշումների իրագործման ընթացքին, մտքեր են փոխանակվել ՖՄԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։