Երեկ՝ հունվարի 27-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ ազատ բանավեճի ձևաչափով քննարկվել է ժողովրդավարական ինստիտուտների վիճակը Թուրքիայում: Բանավեճին մասնակցելու համար հերթագրվել է նաև ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Քննարկմանը հատկացված ժամանակը սպառվելու պատճառով, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, ելույթը փոխանցվել է քարտուղարությանը. «Թուրքական ժողովրդավարական ինստիտուտների վիճակը մնում է ԵԽԽՎ-ի «թեժ» թեմաներից մեկը: Մենք մտահոգված ենք այս երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներով:
Ցավոք, մեր գործընկերների կողմից նախորդ քննարկումներին արտահայտված կարծիքները հաշվի չեն առնվել, Թուրքիայի մոնիտորինգի ընթացակարգի վերաբացման առաջարկները մերժվեցին, մինչդեռ դա կարող էր կանխարգելիչ ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարական ազատությունների կոպիտ խախտումների դեմ:
Թուրքիան Հայաստանի անմիջական հարևանն է, և Հայաստանը մտահոգվելու բոլոր պատճառներն ունի: Մենք քաջատեղյակ ենք թուրքական վարչակարգի հարևանների հետ հարաբերություններում իր հակաժողովրդավարական պահվածքից, դա մի երկիր է, որն անտեսում է ստանձնած միջազգային պարտավորությունները և 25 տարի փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանը: Եկեք համաձայնենք, սա աբսուրդ է այսօրվա «առանց սահմանների» աշխարհում:
Ի՞նչ է կատարվում մերօրյա Թուրքիայում: «Զուգահեռ պետության» , ինչպես Թուրքիայում անվանում են Գյուլլենական շարժումը, որոնումների ու վնասազերծման անվան տակ՝ շարունակվում են զանգվածային ձերբակալությունները: Կարծում եմ՝ հասկանում եք՝ ի՞նչ է սպառնում այդ մթնոլորտում ձերբակալված ու աշխատանք կորցրած մարդկանց: ԶԼՄ-ների և անհատ լրագրողների ճակատագիրը բավական մտահոգիչ է: Ներկայումս 11 պատգամավորներ են ձերբակալվել և դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման:
Բոլորովին վերջերս Թուրքիայի խորհրդարանն էլ հնարավորություն տվեց համոզվելու, թե ինչ վիճակում է խոսքի ազատությունն ու ինչ գին ունի պատգամավորական անձեռնմխելիությունը ընդդիմադիր պատգամավորների համար, երբ հայ պատգամավորը զրկվեց երեք նիստի մասնակցելու հնարավորությունից, որովհետև խորհրդարանում հնչեցրեց «հայոց ցեղասպանություն» բառը ու կոչ արեց անցյալի հետ առերեսվել: Այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում՝ ազգային փոքրամասնությունների, ազգայնականության զարթոնքի, կառավարման համակարգում բռնապետության հաստատման, պատերազմի ու խաղաղության միջակայքում գոյության հետ կապված, ստիպում են հիշել 100 տարի առաջվա իրադարձությունները, երբ զոհը հայերն էին և այլ քրիստոնյաներ, այժմ՝ քրդերը:
ԵԽԽՎ պահանջները Թուրքիային բնավ էլ արտառոց չեն՝ հարգանք ժողովրդավարական արժեքների, ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների նկատմամբ, արտառոցը՝ Թուրքիայի իշխանության վերաբերմունքն է այդ պահանջներին: ՈՒստի, եզրափակելով ելույթս, ցանկանում եմ հիշեցնել Թուրքիայում իրավիճակի հրատապությունը և վերադառնալ առաջարկին, որին միացել են մեր բազմաթիվ գործընկերները՝ վերականգնել մոնիտորինգը Թուրքիայում»: