Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարը արդարացում չէ փախստականների կամ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու համար՝ հայտարարել է Մերկելի խոսնակը: Շտեֆան Զայբերթի խոսքով, Գերմանիայի կառավարությունը ցավում է ԱՄՆ՝ փախստականների և ևս 6 երկրների մահմեդական քաղաքացիների մուտքի արգելքի կապակցությամբ, և կվերանայի հետևանքները Գերմանիայի այլազգի քաղաքացիների համար: Դոնալդ Թրամփի հրամանագրով 4 ամսով դադարեցվելու է փախստականների մուտքը ԱՄՆ, ժամանակավորապես կասեցվելու է Սիրիայի և ևս 6 մեծ մասամբ մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ Թրամփը և Մերկելը 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման վերաբերյալ հարցեր: