ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը կիրակի հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, հակամարտությունները Սիրիայում և Եմենում, և կողմ են այդ երկրներում անվտանգության գոտիների ստեղծմանը՝ հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Նրանք նշել են արմատական իսլամական ահաբեկչության տարածման դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը, համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրների լուծման համար, ներառյալ Սիրիայի և Եմենի հակամարտությունները։ Նախագահն առաջարկել է, իսկ թագավորը համաձայնել աջակցել Սիրիայում ու Եմենում անվտանգության գոտիների ստեղծմանը, շատ այլ գաղափարներ՝ հակամարտությունների հետևանքով տեղահանված բազմաթիվ փախստականների օգնության համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Սիրիայում ստեղծել անվտանգության գոտիներ՝ փախստականների խնդրի լուծման համար։