Հայաստանի արտգործնախարարը «խայտառակություն» է որակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Բելառուսում և նրան Ադրբեջան արտահանձնելու որոշումը: 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հանար: Դժվար Է Էդվարդ Նալբանդյանի հետ չհամաձայնելը, բայց նրա գնահատականը թերի է և ոչ ամբողջական: Իրական խայտառակությունն այն է, որ այս ու սկզբունքային այլ հարցերում Հայաստանի շահերի դեմ գործում է մի երկիր, որը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է ու, ֆորմալ առումով, Հայաստանի դաշնակիցն է: Եվ ահա այդ «դաշնակիցը"», մեր թշնամի Ադրբեջանի հետ է պատերազմի օրերին, խոչընդոտում է Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քսրտուղարի պաշտոնում և այսպես շարունակ:
Իհարկե, գլոբալ իմաստով Հայաստանը դաշնակցներ չի ընտրել ու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում հայտնվել է ռուս-հայկական հարաբերություններից թելադրված: Այսինքն, ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն ընդամենը հարթակներ են, որոնցում զարգանում են հայ-ռուսսկան բազմաշերտ հարաբերությունները: Սակայն ժամանակը ցույց է տվել այս կառույցների անկենսունակությունը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու և անվտանգությունն ապահովելու հարցերում: Իհարկե, արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձեր չի սիրում, և խոսքն այն մասին չէ, որ Հայաստանն այսօր իրեն դուրս դնի ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից: Դա արկածախնդրություն կլինի, սակայն օրակարգային է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում` երկկողմանի ձևաչափի զարգացումը` երկրորդ պլան մղելով եվրասիական չկայացած նախագծերը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ