Նախօրեին Բելառուսում կալանավորված բլոգերի հարցով հայտարարություն է տարածել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ «անթույլատրելի» համարելով նրա հնարավոր արտահանձնումն Ադրբեջանին: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կշարունակի մնալ կալանքի տակ, քանի դեռ դատարանը չի քննել նրա պաշտպանների երկրորդ բողոքը՝ ասել է Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլյա Ռաչինսկի-Սպիվակովը: Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին ուժի մեջ էր թողել Բելառուսի գլխավոր դատախազության՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը, որը նրա փաստաբանները բողոքարկել են: «Քանի դեռ դատարանն այս հայցով որոշում չի կայացրել, Լապշինը մնալու է Բելառուսում»,- ասաց Բելառուսում Իսրայելի հյուպատոսը՝ հավելելով, թե 40-ամյա բլոգերի առողջական վիճակը նորմալ է՝ «Մենք նրան այցելում ենք, նա ողջ-առողջ է»:
Ինչ ճակատագրի կարժանանա Ղարաբաղ այցելելու պատճառով կալանավորված Լապշինի փաստաբանների երկրորդ բողոքը, իսրայելցի դիվանագետն այդ հարցի պատասխանը չունի: «Նման կանխատեսում անելու համար պետք է քաղաքական կրթություն ունենալ»,- ասաց նա։ Հարցին՝ Ադրբեջանի և Իսրայելի բարեկամական հարաբերությունները չե՞ն խանգարի, որ Իսրայելը պատշաճ պաշտպանի իր քաղաքացու շահերը, հյուպատոսը պատասխանեց՝ «Ի՞նչ եք դուք հասկանում՝ պաշտպանել ասելով: Նա Իսրայելի քաղաքացի է, սա իրականություն է, որը ոչ ոք չի հերքում։ Մենք մեր պարտականությունները կատարում ենք, այցելում ենք նրան, տրամադրում ենք հյուպատոսական ծառայություններ»։
Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված՝ բլոգերի նամակը, որում Լապշինը ներողություն էր խնդրել, նրան չի օգնել։ Ինչպես հյուպատոսն ասաց՝ հակառակ դեպքում Լապշինն այսօր մեկուսարանում չէր լինի։ Երեկ էլ այս հարցով հայտարարություն է տարածել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան: Լապշինի հնարավոր փոխանցումն Ադրբեջանին նա «անթույլատրելի» է համարել: «Ես համարում եմ, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամը չի կարող Ադրբեջանի Հանրապետությանն արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինին»,- հայտարարել է Ռուսաստանի օմբուդսմենը: «Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետություն։ Իմ տեսակետն են կիսում նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն ու այլ մասնագիտացված գործակալություններ»,- իր հայտարարությունում նաև նշել է Մոսկալկովան՝ միաժամանակ Ռուսաստանի քաղաքացիներին հորդորելով՝ արտասահման մեկնելուց առաջ ուսումնասիրել տվյալ երկրի օրենքներն ու չխախտել դրանք։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խայտառակություն է որակել Լապշինի ձերբակալությունն ու արտահանձնման որոշումը: Խնդրին անդրադարձել է նաև Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի մամուլը: Փորձագետների կարծիքով, Բելառուսի իշխանությունների գործողություններն առաջին հերթին թելադրված են Մոսկվայից հերթական զիջումներ կորզելու, Ադրբեջանին հաճոյանալու շարժառիթներով: