Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աշխարհը շարունակում է արձագանքել Թրամփի հրամանագրերին

Աշխարհը շարունակում է արձագանքել Թրամփի հրամանագրերին
01.02.2017 | 23:15

Աշխարհը շարունակում է արձագանքել ԱՄՆ նախագահի վերջին հրամանագրերին, որոնցով 90 օրով դադարեցվել է ներգաղթը մահմեդական 7 պետություններից, 120 օրով մուտքի արգելանք սահմանել փախստականների համար ցանկացած երկրից:
Սև ցուցակում ընդգրկված Իրանի ԱԳ նախարարը վերահաստատեց՝ Թեհրանն այլևս մուտքի անցագիր չի տա ամերիկացիներին:


Սահմանափակումների ցանկում ընդգրկված Իրաքի խորհրդարանը ևս հրահանգել է կառավարությանը՝ քայլեր ձեռնարկել, եթե Վաշինգտոնը չվերանայի իր որոշումը:
«Համարժեք պատասխան տալով՝ մենք կպահենք Իրաքի հեղինակությունն ու իրաքցիների պատիվը, երկրորդ՝ անհրաժեշտ է ուղերձ հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ Թրամփի որոշումը վերանայելու համար, երրորդ՝ կոչ անել ՄԱԿ-ին, Արաբական լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու միջազգային մյուս կազմակերպություններին՝ վճռական պատասխան տալ»,- հայտարարել է Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Աբբաս ալ-Բայաթին:


Ցուցակում Եմենի իշխանություններն առայժմ համարժեք արձագանքի մասին չեն խոսում, բայց զգուշացնում են, որ ԱՄՆ նախագահի հրամանագրերը անվտանգությունն ամրապնդելու փոխարեն կնպաստեն ահաբեկչության տարածմանը:
Խիստ են արձագանքները ԵՄ-ից. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն պնդել է, թե Դոնալդ Թրամփը ողջամիտ կլինի, եթե վերանայի սահմանափակումները։ «Փախստականներին ընդունելը մեր պարտականությունների մի մասն է, և մենք պետք է երաշխավորենք, որ իրագործվում է ազնիվ ու բոլորի կողմից: Այդ որոշումը մեզ միայն կարող է մտահոգել»,- ասել է Էյրոն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ երկու օր առաջ էր հեռախոսազրույց ունեցել Դոնալդ Թրամփի հետ, ասել է. «Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացնել նման համահավասարեցված վերաբերմունքը կոնկրետ ազգության կամ կրոնի նկատմամբ»։
Որոշումը խտրական են որակել Շվեդիայի, Թուրքիայի իշխանությունները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն ու Իսլամական համագործակցության կազմակերպությունը:


Իտալիան, պնդել է, որ ԵՄ-ն այժմ այն դիրքում չէ, որ կարողանա այլոց որոշումներին գնահատական տալ։ «Չպետք է մոռանանք, որ մենք էլ ենք Եվրոպայում պատեր կառուցել»,- հայտարարել է Իտալիայի արտգործնախարարը:
Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «յուրաքանչյուր տանտեր իրավասու է ինքը որոշել, թե ում է ուզում իր տուն թողնել և ում՝ մերժել՝ անվտանգության նկատառումներով»:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ