ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է երկրի առանձին խորհրդարանականների մտահոգությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակի կապակցությամբ, սակայն կարծում է, որ երկու երկրներն էլ «պետք Է առաջ շարժվեն»՝ հայտարարել է նախընտրական արշավի ժամանակ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդական Վալիդ Ֆարեսը:
Նրա խոսքով՝ ամերիկացի շատ օրենսդիրներ նշում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճելի բնույթը, «բազմաթիվ խնդիրները, որ մեզ բաժին են հասել անցյալից և շարունակում են գոյություն ունենալ մինչ օրս»: «Թրամփը հասկանում է Կոնգրեսի առանձին անդամների անհանգստությունը, սակայն ասում է, որ մենք գտնվում ենք նոր աստիճանի վրա և պետք է առաջ շարժվենք»,- նշել է նա:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ բազմիցս ասել է, որ մտադիր է գործադրել բոլոր ջանքերը, որ նորմալացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ դա շահավետ կլինի երկու կողմերի համար էլ: