Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: IRNA գործակալությունը հաղորդում է, որ ՀՀ Պնախարարն ավելի վաղ ծաղկեպսակ է դրել իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ռահոլլա Հոմեյնիի դամբարանին:
«Նա հրաշալի կերպար էր, որ ոգեշնչեց բոլորին: Ես նրա կերպարի հետ ծանոթացել եմ դեռևս երիտասարդ տարիքում», «Մեհր» գործակալության փոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը:
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը կարևորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր: Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը: