Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռեքս Թիլերսոնը` ԱՄՆ պետքարտուղար

Ռեքս Թիլերսոնը` ԱՄՆ պետքարտուղար
02.02.2017 | 19:13

ԱՄՆ Սենատը հաստատեց Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում` ձայների 56 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: 64-ամյա Թիլերսոնը երբեք դիվանագիտական կամ քաղաքական պաշտոն չի ունեցել, աշխատել է նավթային ոլորտում` ղեկավարելով խոշորագույն ExxonMobil ընկերությունը: Նրա թեկնածությունն առաջադրելիս նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե տասնյակ երկրների ղեկավարների հետ բանակցած Թիլերսոնը «համառ է, փորձառու և շատ լավ է հասկանում աշխարհաքաղաքական իրավիճակը»: Ապագա պետքարտուղարի թեկնածությունը, սակայն, միանշանակ չէր ընդունվել, սենատորները քննադատում էին հատկապես նրա սերտ կապերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հիշեցնելով, որ նա անձամբ է Թիլերսոնին Բարեկամության մեդալով պարգևատրել:


Ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ Թիլերսոնը Սենատում հայտարարեց. «Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, բայց նաև շատ կանխատեսելի է պաշտպանում իր շահերը, և ժամանակն է, որ Վաշինգտոնը Կրեմլի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսի»:
ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել էր նաև հայամետ սենատորների հարցերին` ղարաբաղյան հակամարտության, Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: «Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատելու եմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հանուն խաղաղ ու տևական կարգավորման, որը թույլ կտա կայունություն ու բարգավաճում հաստատել տարածաշրջանում»,- ասել էր Թիլերսոնը` մանրամասնելով. «Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը, որ հարգվեն կողմերի միջև համաձայնությունները»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Թիլերսոնը խոստացել էր աջակցել երկու երկրների դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքները:


Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսն էլ հետաքրքրվել էր` ինչ դիրքորոշում է որդեգրելու ԱՄՆ պետդեպարտամենտը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «1915-ի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և ԱՄՆ-ի շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը»,- պատասխանել էր Ռեքս Թիլերսոնը, խոստանալով աջակցել պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու բաց երկխոսությանը Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ հանուն տարածաշրջանի կայունության:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ասել է, որ «ժամանակն է կենտրոնանալ արտաքին գործերի վրա»: «Դուք ամբողջ կյանքում պատրաստվել եք հենց այս րոպեի համար»,- ասել է Թրամփը Թիլերսոնին Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ՝ գովաբանելով նրա «ծավալուն փորձը» արտաքին հարցերում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ըստ Թրամփի՝ Թիլերսոնին պատրաստել են որպես ազգի թիվ մեկ դիվանագետ:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ