Եվրոպական խորհրդարանը այսօր քվեների 553 կողմ, 66 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու որոշումը: Կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստանում առանց մուտքի վիզաների 90 օրով մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գոտում գտնվող 26 եվրոպական պետություններ:
Քվեարկությունից առաջ դիմելով խորհրդարանականներին՝ ԵՄ միգրացիայի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հիշեցրեց, որ Վրաստան-Եվրամիություն ազատ վիզային ռեժիմի հաստատման որոշումը ուղղակի կապված է եվրոպական պետությունների մշակած հատուկ մեխանիզմի հետ՝ ազատ վիզային ռեժիմի շարունակական խախտումների դեպքում կարող է միակողմանիորեն սառեցվել Բրյուսելի կողմից:
«Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի «սառեցման մեխանիզմի» հետ միաժամանակ՝ չնայած երկու միմյանցից տարանջատված խնդիրներ են: Սառեցման մեխանիզմը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող բոլոր պետություններին, ոչ միայն Վրաստանին: Այդ մեխանիզմի գոյությունը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի ամրապնդել Եվրամիության անվտանգությունը, մյուս կողմից էլ` հավելյալ խթան է վիզային ազատականացման քաղաքականության հետագա խորացման համար»,- հայտարարեց ԵՄ հանձնակատարը: «Սառեցման մեխանիզմը» ուժի մեջ կմտնի մարտին, որից հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան ազատորեն մուտք գործել ԵՄ տարածք:
Վրաստանի իշխանությունների արձագանքը Եվրախորհրդարանի այսօրվա որոշմանը սպասելի էր: «Սա կարևոր քայլ էր Եվրամիության ուղղությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Սա հիրավի պատմական օր է»,- սա էլ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու գրառումն է: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Եվրախորհրդարանում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց. «Այսօր մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք, թե ինչ աջակցություն է վայելում Վրաստանը Եվրամիությունում, եվրոպական կուսակցությունների շրջանում, թե ինչ բարձր է գնահատվում Վրաստանի կառավարության կատարած աշխատանքը, այն բարեփոխումները, որոնք իրականացվում են վիզային ազատականացման և եվրոպական ինտեգրմանն ուղղված քաղաքականության շրջանակում»: