Լրացավ 16-րդ տարին, ինչ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Եվրախորհրդին: Թե որքանով է ներկայիս Հայաստանը հասցրել ժողովրդավարական երկիր լինել, դա քննության այլ թեմա է: Իսկ թե Եվրախորհրդում այդ տարեդարձի հետ կապված միջոցառմանը Հայաստանից ով և ինչ «բեռով» գնաց, ուրախությամբ արձանագրելու փաստեր ունենք: Այդ միջոցառմանը, որին հատուկ հրավերով մասնակցեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ա. Շայոն, ՄԻԵԴ դատավորներ, Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ԵԽ պաշտոնյաներ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը և բազմաթիվ այլ հյուրեր, Հայաստանից պետք էր ներկայանալ պատիվ բերող գործերով, ինչն էլ արեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ ծանրաբեռնված իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքով, իր հիմնադրած «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնով, չորս լեզվով հրատարակված ՀՀ Սահմանադրությամբ և 2016 թ. հոկտեմբերի 20-23-ին Երևանում հրավիրված համաեվրոպական խորհրդաժողովի նյութերի հրատարակմամբ: Դրանց շնորհանդեսն էր, որ հունվարի 26-ին կազմակերպվեց Եվրոպայի խորհրդի նստավայրում:
Հայաստանի համար համաեվրոպական ճանաչման ճանապարհի հաջող անցում էր դա, որին իր ջերմ վերաբերմունքն արտահայտեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդը.
-Մենք նվիրված ենք այն Հայաստանին, որը կայուն է, ապագային նայող ու բարգավաճ: 2001 թ. հունվարի 25-ին Հայաստանը ձեռնամուխ եղավ եվրոպական ուղուն՝ սկսելով մեր ընդհանուր արժեքների կոնսոլիդացման գործընթացն իր ինստիտուտներում ու օրենքներում: Մեր հարաբերությունները երկկողմանի ճանապարհ են, և ես գնահատում եմ Հայաստանի՝ երկխոսության ու համագործակցության կայուն հանձնառությունը: Մենք գնահատում ենք այն անկեղծ ու ներգրավված ուղին, որով Հայաստանը մոտենում է տարբեր առաջարկությունների: Բարեփոխումներով Հայաստանը խորացրել է սահմանադրական մշակույթի հիմքերը՝ կարևորելով Սահմանադրության իրականացումն ինչպես օրենսդրական ոլորտում, այնպես էլ գործնականում: Քաղաքացիական հասարակության ու ազգային իշխանությունների միջև իմաստալից խորհրդատվությունը մեր ժողովրդավարության կարևորագույն օգուտներից է: Մենք շարունակելու ենք աշխատել միասին մարտահրավերների հաղթահարման ու Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության պարտավորությունների կատարման ուղղությամբ:
Շնորհանդեսին ներկայացված գիրքը ստանալով, պարոն Յագլանդն ասաց. «Սահմանադրական մշակույթը դառնում է հայկական բրենդ»:
«Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» մենագրությունը ներկայացնելով՝ պարոն Հարությունյանը շեշտեց նրա որոշ առումով առանձնահատուկ լինելը, քանի որ միջազգային պրակտիկայում ընդամենը երեք մենագրության մակարդակի հետազոտություններ կան այս խնդրի վերաբերյալ: Այս ուսումնասիրությունն ունի այն առանձնահատկությունը, որ պատմահամեմատական և սահմանադրաիրավական վերլուծություն է, որտեղ ներկայացված է նաև Հայաստանում սահմանադրական մշակույթի զարգացման ողջ պատմությունը: Այստեղ եզակի տարրեր կան՝ ի դեմս ազգային եկեղեցական ու սահմանադիր ժողովների, որտեղ ընդունվել են կանոնադրական սահմանադրություններ, և դրանք բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում: ՈՒսումնասիրությունը կատարվել է ամերիկյան, եվրոպական սահմանադրականության անցումագիտական առանձնահատկությունների բոլոր խորքերն ընդգրկելով: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել սահմանադրական զարգացումների հետագա հիմնախնդիրների լուծման առումով: Առավել կարևոր է, որ առաջարկվում է հայեցակարգային բոլորովին նոր մոտեցում սահմանադրականությանը և սահմանադրական մշտադիտարկման իրականացմանը: Հասարակական համակարգում սահմանադրական համակարգը պետք է գործի՝ ունենալով իր ներքին ինքնապաշտպանական համակարգը: Եթե պարզ ձևակերպենք՝ ինչպես մարդն ունի իր իմունային համակարգը, այնպես էլ պետք է հասարակական կարգը, սահմանադրական կարգն ունենա: Իմունային անբավարարությունը շատ վտանգավոր է երկու դեպքում էլ, որ կարող է տարաբնույթ սոցիալական կոնֆլիկտների հասցնել: Շատ երկրներում է այս երևույթը դրսևորվում, որոնց վերաբերյալ համեմատական ուսումնասիրություններ կան գրքում:
Հեղինակը փորձել է ցույց տալ, որ այդ ամենի պատճառը հենց ներքին ինքնապաշտպանական համակարգի բացակայությունն է: Առաջարկվում է ամբողջ մի հայեցակարգ, թե ինչպես կարելի է դա հաղթահարել՝ սկսած մշտադիտարկման անցկացման մեթոդաբանական լուծումներից, ավարտած ինդիկատորների (ցուցիչների) համակարգով: Սա մի ամբողջ նոր տեսություն է, որն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հենց այս խնդրի լուծմանն էր միտված Համաեվրոպական խորհրդաժողովը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ, Վենետիկի հանձնաժողովի հետ միասին անցկացվեց Երևանում՝ ունենալով 30-ից ավելի երկրների սահմանադրական դատարանների մասնակցություն: Անշուշտ, միայն սահմանադրական մակարդակում չէ, որ այս խնդիրը լուծելի է. սա պահանջում է գործառութային և կառուցակարգային նոր լուծումներ:
Միջոցառման շրջանակներում մասնակիցների հավանությամբ ու աշխույժ քննարկումներով անցավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի հիմնման արարողությունը:
Հիմնադրամի հիմնումը Գ. Հարությունյանի նախաձեռնությունն է, որին անդամակցում են միջազգային մի շարք կազմակերպություններ, Վենետիկի համալսարանի՝ մարդու իրավունքների և իրավունքի փիլիսոփայության կենտրոնը, 39 անվանի սահմանադրագետներ տարբեր երկրներից: Հիմնադրամի կոլեկտիվ անդամ է նաև Երևանի պետական համալսարանի «Սահմանադրական տնտեսագիտություն» նորաստեղծ կենտրոնը, որը զբաղվում է մեթոդիկայի հարցերով: Իր տեսակով հիմնադրամը Հայաստանում գործող միջազգային եզակի կառույց է՝ 2/3-ից ավելի հիմնադիր անդամներ ունենալով այլ երկրներից: Այն արդեն սկսել է գործել. առաջիկա կարևոր միջոցառումը նախատեսված է անցկացնել այս տարվա նոյեմբերին` Հռոմում: Դա կլինի միջազգային մեծ ֆորում՝ «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հիմնախնդիրները» թեմայով:
Խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում, այդ խնդիրը շատ ավելի ցցուն դրսևորվում է շատ երկրներում, որտեղ վիճակը երբեմն տարաբնույթ սոցիալական պայթյունների է հասնում: Նոր հազարամյակի համար սա համարվում է հրատապ լուծում պահանջող խնդիր: Լուծումներից մեկը, կոնկրետ, այս առաջարկությունն է, որը, բարեբախտաբար, դրսում բավականին լայն հետաքրքրություն առաջացրեց և ընդունելություն գտավ: Գ. Հարությունյանի ներկայացրած այս հայեցակարգը երկու անգամ լուրջ քննարկման առարկա է դարձել Վենետիկի հանձնաժողովում՝ 60 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանից հետո էր, որ որոշում ընդունվեց Համաեվրոպական ֆորում հրավիրել այս հարցով: Այն պետք է կայանար Ստրասբուրգում, բայց քանի որ առաջարկը Հայաստանից է, խորհրդաժողովը հրավիրվեց Երևանում՝ 2016-ի հոկտեմբերին՝ 30 երկրների պատվիրակների, Եվրադատարանի 10 անդամների մասնակցությամբ:
Համաժողովի քննարկումների արդյունքում հրատարակվեց «Ալմանախ» քառալեզու տարեգրքի հերթական հատորը: Հայեցակարգը դառնալու է կոնկրետ կիրառման ենթակա մի նոր մոտեցում:
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ