ԱՄՆ ընտրողների 40 տոկոսոը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթին՝ վկայում է Public Policy Polling ընկերության հարցումը։ «Դոնալդ Թրամփը երկու շաբաթ է, ինչ նախագահ է, բայց ընտրողների 40 տոկոսն արդեն ցանկանում է նրա իմփիչմենթը»,- նշել են ընկերությունում։
Իմփիչմենթի դեմ է հարցվածների 35 տոկոսը, ձեռնպահ՝ 12 տոկոսը։ Հարցման տվյալներով՝ ընտրողների 52 տոկոսը կնախընտրեր նախագահի պաշտոնում տեսնել Բարաք Օբամային, 43 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին։
«Սովորաբար նորընտիր նախագահը ժողովրդականության գագաթնակետին է գտնվում և «մեղրամսի» մեջ է լինում սկզբնական ժամանակահատվածում։ Բայց Դոնալդ Թրամփը կրկին պատմություն է կերտում, քանի որ ընտրողների զգալի մասը արդեն ցանկանում է նրա իմփիչմենթը, իսկ մեծ մասն էլ ցանկանում է վերադարձնել Օբամային»,- հայտարարել է Public Policy Polling-ի ղեկավար Դին Բենբամը։