Մալթայում ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը առաջին հանդիպումն է ԱՄՆ-ի նախագահի ու վարչակազմի փոփոխությունից հետո:
Մալթա ժամանածներին հետաքրքրող հիմնական հարցերից մեկը ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններն են, որը քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների լույսի ներքո: Թրամփը հարցականի տակ էր դրել ԵՄ արդյունավետությունը և աջակցություն էր հայտնել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու որոշմանը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համագործակցություն և բարեկամություն է փնտրում: Նրա գնահատմամբ, բարեկամների միջև դիրքորոշումների տարբերությունը նորմալ է: Մոգերինիի խոսքով, Եվրամիությունը կա և մնում է ամերիկյան ժողովրդի ու իշխանությունների բարեկամը, և այդ բարեկամությունը հիմնված է ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է՝ «Ես արդեն ասել եմ, որ Եվրոպայի ճակատագիրն իր սեփական ձեռքերում է: Կարծում եմ՝ որքան հստակ որոշակիացնենք մեր դերակատարությունն աշխարհում, այնքան ավելի լավ կվարենք մեր տրանսատլանտյան հարաբերությունները: Ինձ համար առաջին պլանում Եվրոպայի մասին քննարկումներն են, այլ ոչ թե աշխարհի այլ մասերին վերաբերող քննարկումները»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարծիքով՝ կարևորը համերաշխությունն է ԵՄ-ի ներսում: Նա ասել է, թե առանց ընդհանուր դիրքորոշման Թրամփի հետ ապագա ունենալ հնարավոր չէ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին լրագրողները հարց են ուղղել՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփի հայտարարություններից սպառնալիքներ է զգում: «Ոչ, ես սպառնալիքներ չեմ զգում: Բայց կարծում եմ, որ պարզաբանումների կարիք կա: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը Եվրամիության մասին մանրամասն պատկերացում չունի»,- պատասխանել է Յունկերը:
Ըստ «Ռոյթերզ»-ի, Մալթայի գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից է նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խնդրում միասնական դիրքորոշման ձևավորումը: Օրակարգային են նաև միգրանտների խնդիրները, Լիբիայից Միջերկրական ծովով դեպի Եվրոպա միգրանտների հոսքը:
Մալթայում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ նա իր եվրոպացի 27 գործընկերներին փորձելու է հավաստիացնել՝ չնայած Մեծ Բրիտանիան հաջորդ ամսվանից սկսելու է Եվրամիությունից դուրս գալու բանակցությունները, Լոնդոնի և Բրյուսելի համագործակցությունը շարունակվելու է: