ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ փորձարկելով միջմայրցամաքային հրթիռը՝ Իրանը կրակի հետ է խաղում: Թրամփն իր Թվիթերի էջում գրել է, որ Իրանը պարզապես չի գնահատել ԱՄՆ-ի վեհանձն մոտեցումը: Խոսքը 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջուկային համաձայնագրի մասին է, որը, Թրամփի խոսքով, Իրանին ընձեռել է մոտ 150 միլիարդ դոլարի եկամուտ ստանալու հնարավորություն: Հունվարի 29-ի հրթիռային փորձարկումից հետո Իրանը, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննի փոխանցմամբ, հայտնվել է Վաշինգտոնի հատուկ ուշադրության տակ: ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել 12 ընկերություն և 13 ֆիզիկական անձ:
Ընկերություններից մի քանիսը տեղակայված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում և Չինաստանում: Նախագահ Թրամփը դեռ նախընտրական ամիսներին բազմիցս կրկնել է, որ, ի տարբերություն Բարաք Օբամայի վարչախմբի, մտադիր է հաղթանակի դեպքում շատ ավելի կոշտ քաղաքականություն վարել Իրանի հարցում: Սպիտակ տունը որդեգրում է Իրանի կողմից միջուկային գործարքի կանոնների խախտման հանդեպ «զրոյական հանդուրժողականություն»: Reuters-ի փոխանցմամբ, ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախը կդառնան իրանական այն ընկերությունները, որոնք այս կամ այն եղանակով մասնակցում են հրթիռների ստեղծմանն ու արտադրությանը:
Վաշինգտոնը կարող է ընդունել որոշում Իրանի հեղափոխական գվարդիան ահաբեկչական կառույց ճանաչելու մասին: Վաշինգտոնում համոզված են, որ հենց այդ կազմավորումն է աջակցում տարածաշրջանի երկրներում գործող զինյալ ահաբեկչական խմբերին՝ Եմենում իշխանության դեմ կռվող շիա-մահմեդականներին: Թրամփի վարչախմբի համոզմամբ, այդ փորձարկումը հակասում է ոչ միայն միջուկային գործարքին, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015-ի բանաձևին, որի համաձայն, Իրանը պետք է խուսափի միջմայրցամաքային հրթիռների փորձարկումներից: Դա է նշել նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆլիննը:
Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է, թե ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են և սադրիչ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր Թվիթերի էջում գրել է, որ Իրանի վրա ոչ մի ազդեցություն չեն գործել ամերիկացիների սպառնալիքները: