Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ պատասխան միջոցառումներ են պատրաստում ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանմանը, փոխանցում է Reuters-ը։ «Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ Իրանը կներմուծի օրենսդրական սահմանափակումներ առանձին ամերիկացի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ, որ մասնակից են տարածաշրջանային ահաբեկչական խմբերի աջակցմանն ու ֆինանսավորմանը»,- հայտնել են ԱԳՆ-ում։
Այդ անձանց անուններն ու ազգանունները կհրապարակվեն ավելի ուշ։ «ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համատեղելի չեն ամերիկյան պարտավորությունների և ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի հետ, որը հավանություն է տվել միջուկային համաձայնագրին, որը ձեռք է բերվել Իրանի և 6 այլ պետությունների միջև»,- նշվում է հայտարարությունում։
Սպիտակ տանը նշել են, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն ազդում իրանական միջուկային ծրագրով ԱՄՆ-ի պարտավորությունների վրա, և Վաշինգտոնը կշարունակի դրանք կատարել։