ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական և դիվանագիտական դաշինքը պառակտելու հնարավորությունները: Նպատակը կրկնակի է՝ ձգտել սեղմ ժամկետում դադարեցնել Սիրիայի հակամարտությունը և խթանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտնում է Wall Street Journal-ը` հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմում աղբյուրներին և եվրոպական ու արաբական երկրների պաշտոնատար անձանց: Միևնույն ժամանակ, ՌԴ-Իրան համագործակցությունը չի դիտարկվում ԱՄՆ-ի գոյության սպառնալիքի աղբյուր, ինչպիսին եղել է Խորհրդային Միությունը:
«Ռուսաստանի և Իրանի միջև հավանաբար անդունդ է առաջանում: Առայժմ հստակ չէ, թե Ռուսաստանի ղեկավարությունը կոնկրետ ինչ կպահանջի Իրանի հետ դաշինքի թուլացման դիմաց»,- ասել է եվրոպական աղբյուրը և հավելել, որ Վաշինգտոնի դրած խնդիրները կարող են չափից ավելի բարդ լինել և անդրադառնալ Արևմուտքի գործընկերների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջ ճարտարապետության վրա: