Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից՝ հայտնում է The Guardian-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում բրիտանացի արտգործնախարարն այն 5500 մարդկանց թվում է, որ 2016-ին հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից:
Ջոնսոնը ծնվել է Նյու Յորքում, նրա ծնողներն աշխատում էին ԱՄՆ-ում: Նա հինգ տարեկանում հեռացել է ԱՄՆ-ից և այլևս այնտեղ չի ապրել: The Guardian-ի կարծիքով՝ որոշումը կապված է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու, այլ հարկային ծառայությունների ուշադրության կենտրոնում չհայտնվելու հետ: Դեռևս 2014թ. հայտնվել էր տեղեկատվություն, որ Ջոնսոնը, հավանբար, պետք է 50 հազար ԱՄՆ դոլար հարկ վճարի տան վաճառքից ստացված եկամուտի համար: