Իրանը վճռական պատասխան կտա իր հասցեին հնչող բոլոր սպառնալիքներին, հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին՝ Թեհրանում կայացած բազմահազարանոց հանրահավաքում, որը նվիրված էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձին:
«Բոլոր այն քաղաքական գործիչները, որ վերջերս են իշխանության եկել, մասնավորապես, ԱՄՆ-ում, պետք է հստակ իմանան, որ Իրանի հետ հարկ է խոսել հարգալից տոնով: Նրանք, ովքեր Իսլամական Հանրապետության նկատմամբ կօգտագործեն սպառնալիքների լեզուն, կափսոսան: Իրանի ժողովուրդը վճռական պատասխան կտա բոլոր սպառնալիքներին», - ասել է Իրանի նախագահը՝ ելույթ ունենալով Թեհրանի «Ազադի» (Ազատություն) հրապարակում:
Նրա ելույթի հիմնական մասը նվիրված էր երկրի տնտեսական ձեռքբերումներին: Ռուհանին հրապարակել է նավթի ու գազի արդյունահանման ավելացման, ՀՆԱ-ի աճի, ինֆլյացիայի կրճատման, ճանապարհային ու բնակարանային շինարարության տեմպերի արագացման ցուցանիշներ: «Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Իրանն առաջին տեղն է գրավել տարածաշրջանում և 14-րդ տեղը՝ աշխարհում», - հատկապես նշել է նա: