Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռիչարդ Միլս. Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու ԱՄՆ հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել

Ռիչարդ Միլս. Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու ԱՄՆ հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել
10.02.2017 | 22:25

Վարչապետ Կարեն Կարապետյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Նրանք քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հարցեր: Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին, ընդունած որոշումներին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կատարած աշխատանքներին, առաջիկա անելիքներին: Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել օրենսդրական նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, գործող մեխանիզմների կատարելագործմանը, նոր ընթացակարգերի ներդրմանը, որոնց արդյունքում՝ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը հաջողելու և հետևողականություն ապահովելու գործում մեծապես կարևորում եմ հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը և գործընկեր կառույցների հետ կառուցողական համագործակցությունը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար», - ասել է վարչապետը:


Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերից և ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողություններն այդ առնչությամբ: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռևս անելիքներ կան, և ԱՄՆ-ն պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով աջակցել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում: «Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու ԱՄՆ հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում», - ասել է ԱՄՆ դեսպանը:
Դեսպան Միլսի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության նպատակին և ուղղություններին վերաբերող մանրամասներ: Քննարկվել են նաև պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի բարձրացմանը և այլ ուղղություններով մշակված օրենսդրական նախաձեռնություններին առնչվող հարցեր:


Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ