Այսօր Բեռլինի բժշկական կենտրոններից մեկում վիրահատել են Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին: Վիրահատությունը հաջող է ընթացել, և այժմ հովվապետի առողջական վիճակը բավարար է: Թբիլիսիում ձերբակալվել է վրաց եկեղեցու ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը` պատրիարքարանի գործերի կառավարիչ Գիորգի Մամալաձեն: Վրացական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված հոգևորականը առնչություն ունի Իլյա Երկրորդի դեմ ծրագրվող մահափորձին: Գիորգի Մամալաձեին մեղադրում են բարձր դասի հոգևորականի սպանության նախապատրաստման մեջ՝ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:
«Քննությամբ պարզվել է, որ հայր Գիորգին հայտարարության հեղինակին խնդրել է կարճ ժամանակում թունավոր նյութ՝ ցիանիդ հայթայթել, որի դիմաց պատրաստ էր վճարել, իսկ ցուցաբերած օգնության համար խոստացել է ապագայում անհամաչափ շահույթ: Պարզվել է, որ Մամալաձեն պատրաստվում էր Գերմանիա մեկնել, որտեղ պատրիարքը բուժվում է և շրջապատված է իրեն ուղեցկող մարդկանցով, նրան անհրաժեշտ էր թույնը մինչև մեկնելը ձեռք բերել»,- ասել է Շոթաձեն: Քննությունը սկսվել է 2017-ի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի հայտարարության հիման վրա, որը դիմել է երկրի գլխավոր դատախազություն և նշել, որ իրեն ծանոթ հայր Գիորգի Մամալաձեն խնդրել է օգնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ գտնել: