ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հրաժարվել է Իրան նախատեսված այցից գաղտնիության ռեժիմը խախտելու պատճառով՝ հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին: Այցը պետք է կայանար փետրվարի 13-ին, սակայն չեղարկվել է վերջին պահին «տեխնիկական պատճառներով»: Թերթի զրուցակիցը պնդում է, որ չեղարկման պատճառը իրանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվություններն էին նախատեսվող այցի վերաբերյալ՝ չնայած Ռոգոզինը խնդրել էր գաղտնիություն պահել: Ռուսական պատվիրակության այցի մասին հայտարարել էր ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային, որի հայտարարությունը տարածել էին իրանական լրատվական գործակալությունները:
Այցի հստակ օրը չի նշվել, հաղորդվել է, որ կայանալու է մոտ ժամանակներս: «Կոմերսանտ»-ի տվյալներով` ռուսական կողմը ցանկացել է այցը գաղտնի պահել, քանի որ Ռոգոզինը նախատեսում էր քննարկել արևմտյան երկրներից ինքնաթիռներ գնելու Իրանի պատրաստակամությունը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պատրաստվում էին քննարկել «բավականին նուրբ թեմաներ»: