«Ծառուկյան» և «ՕՐՕ» դաշինքները խնդիր ունեն ապացուցելու, թե ովքեր են, ինչ կոորդինատներ ունեն քաղաքական դաշտում և ընդհանրապես ինչ են ուզում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այս երկու դաշինքների հետ հնարավոր համագործակցության մասին հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մենք մեր քաղաքական գործունեությամբ վաղուց ամեն ինչ ապացուցել ենք: Տեսնենք, թե ինչ կարող են ապացուցել նրանք»:
Դիտարկմանը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ դեմ չէ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորների բացահայտմանը, Փաշինյանը նշեց. «Վաղը, հավանաբար, նման հայտարարությամբ հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը: Դա ի՞նչ կփոխի քաղաքական իրավիճակում: Քաղբանտարկյալների մասին մենք չենք խոսել մեր հրաժարականից հետո: Պատահական չէ, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրված է. մեր հաղթանակի դեպքում քաղաքական հետապնդումները բացառվելու են»: