Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կանոնավոր՝ փետրվարի 14-ին, Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում ասուլիսի ժամանակ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույցը: Ասուլիսին ներկա է եղել նաև Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը:
Մելիքյանի խոսքով, զեկույցում բերված տեղեկությունները տագնապալի են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: «2016 թ. ապրիլին ադրբեջանական զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և ծանր խախտումները դեռևս ճիշտ, համարժեք պատասխաններ են պահանջում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից և անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար»,-նշվում է զեկույցի նախաբանում:
Այնուհետև փաստաթղթի հեղինակները ներկայացնում են քառօրյայի պատմությունը՝ մանրամասներ ԼՂ սահմանի երկայնքով ադրբեջանական սադրանքի և ագրեսիայի, կիրառած ծանր զինատեսակների, զինծառայողների և խաղաղ բնակիչների գլխատումների, նրանց կտտանքների ենթարկելու, դիակների պղծման, քաղաքացիական օբյեկտների արկակոծման վերաբերյալ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված ԼՂ բնակչության 90 տոկոսը եղել է խոշտանգված, սպանված կամ խեղված։ Այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի բոլոր ուղղություններով՝ Թալիշ գյուղում, որը ապրիլյան պատերազմի խորհրդանիշն է դարձել, ագրեսիայի մյուս ուղղություններով»,-նշել է Ռուբեն Մելիքյանը։
Զեկույցում դիտարկվում է ապրիլյան քառօրյայի ընթացքում՝ ԼՂ նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի ժամանակ, ԼՂՀ զինվորների և քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործության 3 տեսակ: Դրանք են՝ կտտանքները, մահապատիժներն ու զոհվածների դիակների պղծումը:
Թվարկված բոլոր գործողություններն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում: Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների և պղծման հետքեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, ներկայացվում են հայկական կողմի ներկայացուցիչներին գլխատելու, նրանց ականջները, մարմնի այլ մասերը կտրելու, աչքերը հանելու ու մարմնական այլ տանջանքների ենթարկելու բազում ապացույցներ:
Զեկույցի եզրակացությունում նշվում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել են կանոնավոր բնույթ: «Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետական մակարդակով է կրում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը և պարտավոր է հետաքննել ու դատական կարգով հետապնդել տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին»,- նշվում է զեկույցի եզրակացությունում: