Արհեստական խոչընդոտների պատճառով սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի կարողանում այս պահին մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով` այդ խոչընդոտները ՍԴՀԿ-ին հետ չեն կանգնեցնի իր նպատակներից: Գալստյանը նշեց, որ իրենք լինելու են արտախորհրդարանական ուժ և շարունակելու են իրենց պայքարը: «Անպայման կմասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին, որևէ խոչընդոտ չի կարող մեզ հետ պահել մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ առանձին կմասնակցենք»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով, երկու օրում իրենք չեն հասցնի առանձին ցուցակ կազմել ու փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ: Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքից դուրս է եկել այնտեղ տիրող անառողջ մթնոլորտի ու ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու պատճառով: Գալստյանի ներկայացմամբ` ամեն ինչ շատ նորմալ էր ընթանում, բոլոր ռեյտինգային թեկնածուներն աշխատում էին: «Արդեն նախընտրական շտաբներ էինք ստեղծել: Հետո միանգամից իրավիճակը փոխվեց, մամուլը սկսեց գրել, մենք մամուլից սկսեցինք իմանալ գործընթացների մասին»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ծառուկյանի մամուլի խոսնակի տարածած հայտարարություններին, թե ՍԴՀԿ-ի ու Վերակազմյալ ՍԴՀԿ-ի միջև տարաձայնություններ են եղել, նա նշեց, որ այդ հարցն անգամ բանակցությունների սեղանին դրված չի եղել և չէր կարող որևէ դերակատարություն ունենալ, նույնիսկ ժամանակ չեն վատնել դա քննարկելու համար:
ՍԴՀԿ-ն դիմել էր «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու համար, նույն հարցով դիմել էր նաև Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ն: Այս առնչությամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում էր կատարել, որ հաշվի առնելով ՍԴՀԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հետ հակասությունները` Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը: