Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
Նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։
Զրուցակիցները շեշտել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: