Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ջանքերին:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները: Ստաֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում: