Չնայած Բաքվի ապարդյուն փորձերին՝ իրականությունը այլ կերպ ներկայացնելու, բոլորի համար էլ ակնհայտ է, թե ով է ապրիլին սկսել լայնածավալ ռազմական գործողությունները՝ «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը։
«Այդ մասին քաջատեղյակ է միջազգային հանրությունը, այդ թվում, անկասկած, նաև համանախագահ պետությունները։ Տարբեր պետությունների իմ գործընկեր արտգործնախարարների մոտ, ում հետ ես զրուցել եմ, որևէ կասկած անգամ չկա, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել այդ ագրեսիվ գործողությունները: Այն, որ ադրբեջանական կողմը պարծենում է իր ենթադրյալ հաջողություններով՝ ամոթահար, իսկ ավելի ճիշտ անամոթ կերպով լռելով իր կորուստների մասին, թողնենք նրանց խղճին...»,- ասել է ԱԳ նախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս է ինքը պատկերացնում փոխզիջումը և կարելի՞ է պատկերացնել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների, է. Նալբանդյանը պատասխանել է. «Երբ դուք հարց եք բարձրացնում ադրբեջանցի փախստականների մասին, որոնք, ի միջի այլոց, առաջացել են հենց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում, պետք է նաև հարց ուղղեք՝ իսկ կարելի՞ է պատկերացնել մի քանի հարյուր հազար հայ փախստականների վերադարձը Ադրբեջան՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլ բնակավայրեր, որտեղ իրականացվել են հայերի սարսափելի ջարդեր, կոտորած, էթնիկ զտումներ՝ որպես լայնածավալ պատերազմի նախերգանք։ Նման հարցեր բարձրացնել մինչև կարգավորումը, որը տարիներ շարունակ տորպեդահարվում է հենց Ադրբեջանի կողմից, վաղաժամ է։ Նույն դիրքորոշումն ունեն նաև եռանախագահ երկրները։ Ի միջի այլոց, այդ մասին ասվում է նաև բանակցությունների սեղանին դրված բոլոր աշխատանքային փաստաթղթերում»։ Նախարարն ասել է, թե հնարավոր փոխզիջում առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իրենց հայտնի հինգ հայտարարություններում, որոնցից Բաքվում, ըստ նախարարի՝ մեղմ ասած, խրտնում են։
«Դուք հարցնում եք, թե ինչ փոխզիջում ենք մենք առաջարկում։ Միջազգային հանրության անունից համանախագահ պետությունների կողմից առաջարկվող փոխզիջումը Բաքուն հիմնովին մերժում է: Եթե դուք ծանոթ եք Բաքվից հնչող հռետորաբանությանը, այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների` կամ ամեն ինչ, կամ պատերազմ»,- պատասխանել է նախարարը։