Լեռնային Ղարաբաղում ընթանում է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան հանրաքվե՝ ասել են Մարտակերտում ռուս դիտորդներ Վլադիմիր Եվսեևը և Ալեքսանդր Սկակովը։ «Մենք եղանք Մարտակերտի տեղամասերում, Ալաշանում, որտեղ ընտրում էին Թալիշից ռազմական գործողությունների հետևանքով հեռացած քաղաքացիները, ու հաճելիորեն զարմացած ենք, թե որքան գիտակցված են մարդիկ գնում ընտրության։ Նրանք գիտեն, որ Սահմանադրությունը պետք է իրենց պետականությանն ու անվտանգությանը»,- ասաց Վլադիմիր Եվսեևը՝ ընդգծելով, որ տեխնիկապես ևս ամեն ինչ լավ է կազմակերպված ու իրենք խնդիրներ չեն տեսել։
Նրանք անդրադարձան Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղում ընթացող ընտրությունները չպետք է ճանաչվեն լեգիտիմ։
«Այն, ինչ մենք տեսանք լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին, իսկ Ադրբեջանի կարծիքը պարզապես Ադրբեջանի կարծիքն է, և պարզ է, թե ինչու են նրանք այդպես ասում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ամեն ինչ լավ է ընթանում»,- ասաց Ա. Սկակովը։ Նրան լրացրեց գործընկերը՝ ավելացնելով. «Այս պետությունը կայացել է, ու այսօր տեղի են ունենում ժողովրդավար ընտրություններ։ Ինչպե՞ս է դրան վերաբերվում միջազգային հանրությունը, կարծում եմ, ժամանակի հետ կճանաչի այս պետությունը։ Ճանաչումը ժամանակի հարց է։ Իսկ Ադրբեջա՞նը, Ադրբեջանն ընդամենը մեկ պետություն է ՄԱԿ անդամ 200 պետություններից»։ Արցախ այցելելով կարող են հայտնվել Բաքվի սև ցուցակում՝ հարցին դիտորդները պատասխանեցին, որ շատ անգամ են եղել Արցախում։ «Մենք դեռևս այդ սև ցուցակի անդամ չենք, զարմանալի է»,- կատակելով ասաց Վլադիմիր Եվսեևը՝ շարունակելով. «Ամեն դեպքում մեզ համար մեկ է, թե ինչ են մտածում Մինսկում և Բաքվում։ Անձամբ ես Ղարաբաղ եկել եմ ու կգամ։ Ինձ համար սև ցուցակներից ավելի կարևոր է լինել այստեղ ու օգնել, որ այս պետությունը կայանա։ Ավելի կարևոր է, որ Ղարաբաղն ապրի ու այստեղ չկրակեն»։