ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն իրենց պաշտպանության համար նախատեսված ծախսերը՝ ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ ժողովուրդը կարող է կորցնել համբերությունը, եթե ՆԱՏՕ-ի երկրներն ԱՄՆ-ի հետ չկիսեն պաշտպանական ծախսերի բեռը:
«Նախագահն իրական առաջընթաց է ակնկալում 2017-ի վերջին»,- հավելել է Փենսը: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ-ի հետ համագործակցությանը և գործընկերությանը: ԱՄՆ փոխնախագահը Բրյուսելում բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Փենսը փորձել է նրանց վստահեցնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Եվրոպայի հետ՝ չնայած երկրի նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հայտարարություններին: Նա հայտարարել է, որ հենց Թրամփն է իրեն խնդրել մեկնել Բրյուսել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի աջակցությունը հաստատելու համար: