Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում

ՀՀ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում
22.02.2017 | 21:51

ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի նախագահությամբ փետրվարի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացել է «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկում, որի նպատակն էր դիտարկել Եվրոպայում հակամարտությունների պատճառով տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիքները։ Քննարկման մասնակիցների թվում են եղել Հունգարիայի, Լիտվայի և Վրաստանի ԱԳ նախարարները, Խորվաթիայի պետքարտուղարը, Շվեդիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի ԱԳ փոխնախարարները:


Հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով նախօրեին կյանքից հեռացած ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հիշատակին: Հանդիպմանը բացման ելույթներով հանդես են եկել ՄԱԿ ԳՔ Անտոնիո Գուտերեշը, ԵԱՀԿ ԳՔ Լամբերտո Զանիերը և ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության ԳՔ Հելգա Շմիդը: Նրանք ընդգծեցին Եվրոպայում չկարգավորված հակամարտությունների հարցում ՄԱԿ-ի համագործակցությունը ԵԱՀԿ և ԵՄ՝ որպես տարածաշրջանային կառույցների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Եվրոպայում «սառեցված» հակամարտություններին, ներառյալ Կիպրոսում, ՈՒկրաինայում, Մոլդովայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում` ԼՂ հիմնահարցին:


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը` որպես մարդու իրավունքների, ազատության և ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների և բռնությունների: «Սա պայքար է, որն արձագանք եղավ հայերի ջարդերին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման` Ադրբեջանի ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր փառաբանում է 2004 թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու և ազատության պայքար է»,- նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։


Անդրադառնալով 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային, դեսպան Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին բարբարոսությունների և ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը` որպես հակամարտության ռազմական լուծում: Նշվել է, որ փոխարենն անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ` խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու նպատակով: Խոսքի ավարտին Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն է արտահայտել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետևողական և անվերապահ աջակցության համար:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ