ԵԽԽՎ պատվիրակությունը՝ շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեի գլխավորությամբ, փետրվարի 22-23-ին Հայաստանում է՝ գնահատելու ընտրարշավը և քաղաքական մթնոլորտը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Պատվիրակությունը, որում ընդգրկված են նաև Ինգեբյորգ Գոդսկեսենը (Նորվեգիա) և Ադել Գամբարոն (Իտալիա), Երևանում հանդիպումներ է անցկացնում ԱԺ ղեկավարության և խորհրդարանական խմբակցությունների, ընտրություններին մասնակցող արտախորհրդարանական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին պատվիրակությունը հայտարարություն կհրապարակի: Ավելի ուշ Հայաստան է ժամանելու ԵԽԽՎ 32 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ հետևելու ընտրությունների ընթացքին: