ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթերում գրել է, որ մեկ ամիս անց, ինչ ինքը գլխավորել է Սպիտակ տունը, պետական պարտքը կրճատվել է 12 մլրդ դոլարով։ Նա հիշեցրել է, որ Բարաք Օբամայի նախագահության առաջին ամսում ԱՄՆ պետպարտքն աճել էր 200 մլրդ դոլարով։ Թրամփը նեղսրտել է, որ ԶԼՄ-ները դրա մասին չեն հայտնել։ Նա ընդգծել է, որ ամերիկյան բորսաներում Dow Jones առանցքային ինդեքսի աճը լավատեսություն է ներշնչում ամերիկյան բիզնեսին և կտանի տնտեսական աճի։
Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ երկու նախագահական ժամկետներում կնախաձեռնի բարեփոխումներ և առևտրային պայմանագրերի վերանայում, որոնք թույլ կտան ԱՄՆ-ին ազատվել վիթխարի պետպարտքից, որն արդեն գերազանցում է 19,9 տրիլիոն դոլարը։ Օբամայի նախագահության 8 տարիներին երկրի պետպարտքն աճել է ավելի քան 9 տրիլիոն դոլարով։