ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե երկրով մեկ հանրապետականների դեմ բողոքի ակցիաների հետևում կանգնած է նախկին նախագահ Բարաք Օբաման։ Fox News-ին տված հարցազրույցում պատասխանելով բողոքի ակցիաների մասին հարցին՝ Թրամփն ասել է. «Կարծում եմ, որ նախագահ Օբաման է դրանց հետևում, որովհետև դրանց հետևում հաստատ կանգնած են նրա մարդիկ»։ Նա հասկանում է, որ սա քաղաքականություն է և հավանաբար կշարունակվի։ ԱՄՆ նախագահը նաև կասկածներ է հայտնել, որ Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքի հետևում նույնպես կանգնած են Օբամային հավատարիմ մարդիկ։
Արտահոսքի մասին Fox News-ի թղթակիցները հարցրել են՝ նկատի ունենալով, որ վերջերս Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը աշխատակազմին խնդրել է անջատել ձեռքի հեռախոսները՝ արտահոսքի աղբյուրները հայտնաբերելու համար։
Թրամփը ասել է, թե նորմալ է վերաբերվում իրավիճակին տիրապետելու Սփայսերի գործելաոճին։ «Առաջին հերթին, Շոն Սփայսերը լավ մարդ է, հրաշալի անձնավորություն։ Ես ուրիշ կերպ կվարվեի։ Առանձին-առանձին կհանդիպեի մարդկանց հետ, և մենք մեծ արտահոսք չէինք ունենա։ Կառավարությունից մենք արտահոսք ունենք։ Ես իրավիճակին կհետևեի այլ կերպ, քան Շոնը, բայց Շոնը իր ճանապարհով տիրապետեց իրավիճակին, ես համաձայն եմ դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Հարցազրույցում անդրադառնալով նաև ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մեծացնելու առաջարկին, որն արվել է 2018-ի բյուջեի նախագծում, Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ 54 միլիարդ դոլարի աճը կփոխհատուցվի ուժեղ տնտեսությամբ և այլ ոլորտների կրճատումներով։ «Կարծում եմ, որ գումարները կստացվեն տնտեսության արագ աճից։ Մենք պատրաստվում ենք շատ ավելի փող ծախսել ռազմական ոլորտում»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ ռազմական բյուջեն 600 միլիարդ դոլար է, և հիմա նախատեսվում է ավելացնել 54 միլիարդ դոլարով։