Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամում

Սերժ Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամում
04.03.2017 | 00:07

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նա շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել պայմաններին, նրանց աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպել է հիմնադրամի ղեկավար կազմի հետ, անդրադարձել «ստեղծումից ի վեր պետության և ժողովրդի հետ հիմնադրամի անցած մարտահրավերներով լի ճանապարհին և առաքելությանը, այն է՝ օգնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հաղթահարելու խնդիրները, դժվարությունները, կանգնել հայ մարդու կողքին»:

«Այս տարիների ընթացքում հիմնադրամը կարողացել է իր գործունեությամբ նախ լուծել խնդիրներ՝ սկսած մեր ավերված գյուղերի վերականգնումից մինչև երկրաշարժի հետևանքների վերացում, մեր երկու հայկական պետությունների միջև ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում»,- ասել է նախագահը` ընդգծելով, որ համայն հայության համախմբված ջանքերով, անհատ բարերարների օժանդակությամբ այս տարիների ընթացքում հիմնադրամը հավատարիմ է եղել իր առաքելությանը:


Սերժ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքը։ «Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը: Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ՝ 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն: Ես խորապես համոզված եմ, որ հիմնադրամը պետք է շարունակի գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարևորագույն կառույցներից մեկը: Մենք՝ որպես պետություն, որքան էլ արդեն ճանապարհ անցած լինենք, միևնույն է, դեռևս շատ մարտահրավերներ ունենք: Կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ»,- ասել է նախագահը՝ շարունակելով. «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Իրոք, ուրախալի է, որ հիմնադրամում կան մարդիկ՝ և նվիրատուներ, և տեղական կառույցի ներկայացուցիչներ, և հենց հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնք ի սկզբանե եղել են և հիմա էլ մնում են հիմնադրամի հավատարիմ բարեկամը»։

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ