ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Ալեքսեյ Նավալնին հարված հասցրեց երկրի վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ հայտարարելով, որ նա երկրի ամենահարուստ և կոռումպացված մարդկանցից մեկն է՝ գրում է Le Temps-ը:
Հետաքննությունը, որը անցկացրել է Նավալնիի` «Կոռուպցիայի դեմ պայքարի» հիմնադրամը, լույս է սփռում պալատների, առանձնատների, հողակտորների, զբոսանավերի վրա, որոնց սեփականատերը ՌԴ վարչապետն է: Նավալնին փորձում է վերջ դնել Մեդվեդևի «լիբերալ» և «արևմտամետ» իմիջին, որը տարբերվում է Պուտինի շրջապատի մյուս մարդկանցից, որոնք հիմնականում ԿԳԲ-ի վետերաններ են:
Փաստաթղթով Մեդվեդևը այդ օբյեկտներից և ոչ մեկի սեփականատերը չէ, դրանք պատկանում են անթիվ անհամար հիմնադրամների, որոնք ղեկավարում են նրա մանկության ընկերները և ընտանիքի անդամները: ««Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավարը ստեղծել է բարեգործական հիմնադրամների կոռումպացված ցանց, որոնք օգտագործվում են օլիգարխներից գումար շորթելու համար»,-մեկնաբանում է Նավալնին իր հետաքննության մեջ: Ռուսական հեռուստաալիքները լռել են այս նորության մասին, քանի որ Նավալնին վտարված է այդտեղից: Սակայն դոսյեն տարածվել է ցանցում կայծակնային արագությամբ: Հրապարակումից մի քանի ժամ հետո ֆիլմի դիտումները գերազանցել են կես միլիոնը: Նավալնիի գնահատմամբ՝ Մեդվեդևի հարստությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: