Հայտնի արտահայտությունը, թե մենք մտածում էինք, որ հատակին ենք հասել, երբ ներքևից թակեցին, հաճախ են հիշում Ադրբեջանում, երբ խոսվում է տնտեսության մասին՝ գրում է BBC-ին: Ճիշտ է, երկրի փորձագիտական շրջանակներում չկա միանշանակ տեսակետ տնտեսության վիճակի մասին` կարծիքներ կան ինչպես ապոկալիպտիկ վիճակի մասին, այնպես էլ «մեր երկիրն արդեն հաղթահարել է ճգնաժամը» ոճով: Այնուամենայնիվ, բնակչությունն այս ամենից ահաբեկված է, ապակողմնորոշված ու վախի մթնոլորտում սպասում է ավելի վատ ժամանակների:
Կառավարությունը փորձում է հանդարտեցնել ժողովրդին, այդ թվում` իրենք իրենց համոզելով, որ կարիք չկա դրամատիզացնել իրավիճակը, քանի որ կառավարական «ճանապարհային քարտեզները» կհանեն երկիրը ճգնաժամից:
BBC հոդվածագիրը նշում է, որ երկրում չկա վստահություն ազգային մանաթի ու բանկերի նկատմամբ: Մարդիկ հետ են վերցնում իրենց խնայողությունները բանկերից, ընդ որում` ոչ միայն ազգային տարադրամով պահվածները, այլև` մյուսները: Նրանք վախենում են, որ իրենց խնայողությունները կկորչեն կամ կսառեցվեն, եթե տվյալ բանկն արժանանա այն տասի ճակատագրին, որոնք փակվեցին նախորդ տարի: Լավատեսական չեն նաև ՀՆԱ-ի կանխատեսումները:
S&P միջազգային վարկանշային գործակալությունը վերջին կանխատեսումներում այս տարի Ադրբեջանի համար կանխատեսվում է զրոյական տնտեսական աճ և որոշակի կայունացում 2018-ին՝ հիմնականում գազի արտահանման ծավալների աճի ու նավթի համաշխարհային գների աճի հիման վրա: Գործակալության կանխատեսմամբ Ադրբեջանում առաջիկայում սպասվում է գործազրկության մակարդակի աճ և արտաքին պարտքի ավելացում, որն այս տարի կկազմի ՀՆԱ 40 տոկոսից ավելի: