Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում: «Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը»,- ասել է Իրանի նախագահը:
Ադրբեջանի նախագահը Թեհրան է ժամանել նախօրեին. սա Ադրբեջանի և Իրանի նախագահների հինգերորդ հանդիպումն է։ Իրանի նախագահը Բաքու է այցելել երկու անգամ, Ալիևը երրորդ անգամ է Իրան այցելում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա կարգավորման հարցում ցուցաբերած դիրքորոշման համար։ Այդ դիրքորոշումը հիմնվում է միջազգային սկզբունքների, օրենքների և արդարության վրա: Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականություն անձեռնմխելի է»,- իր հերթին հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ընդգծելով, որ Իրանի հետ քաղաքական կապերը ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում: Բաքուն ու Թեհրանը աջակցում են միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում, շեշտել է Ալիևը:
Թեհրանում բանակցությունների օրակարգը բավական հագեցած էր, կողմերը ստորագրել են երկու համաձայնագիր՝ փողերի լվացման դեմ պայքարի և երկաթուղային համագործակցության ընդլայնման մասին:
Բաքվի և Թեհրանի առանցքային պայմանավորվածություններից մեկը տարանցման ոլորտում համագործակցությունը ակտիվացնելն է, այդ հարցում կողմերը կարևորում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը սկսել է իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի մի հատվածի ֆինանսավորումը։ Նախատեսվում է նախագիծը շահագործման հանձնել 2018-ին, ինչը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի հետ։ Թեև կողմերը խոսում են երկու երկրների հիանալի հարաբերությունների մասին, Թեհրանի աչքից չեն վրիպել Բաքվի և Թել Ավիվի ակտիվացած շփումները: «Իսրայելը փորձում է վնաս հասցնել իրանա-ադրբեջանական կապերին»՝ հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերով Իրանն ու Ադրբեջանը պետք է «սթափություն» դրսևորեն նման ջանքերի ֆոնին իրենց բարեկամական հարաբերությունները պաշտպանելու ուղղությամբ:
«Սիոնիստական չարագործ ռեժիմն առավել քան ուրիշ թշնամիները փորձում է թուլացնել Իրանի ու Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները և դրան ընդդիմանալով պիտի պաշտպանել ներկա անկեղծ հարաբերությունները»,- ասել է Խամենեին: Ալիևի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի հետ տեղի է ունենում Ադրբեջանում շիա հոգևորականության նկատմամբ բռնաճնշումների ֆոնին: Բաքվի մերձակա Նարդարան ավանում արյունալի բախումներից հետո Ադրբեջանի իշխանությունները երկարամյա ազատազրկման դատապարտեցին մի խումբ շիա հոգևորականների, որ ձերբակալվեցին 2015-ի նոյեմբերին և մեղադրվում են ծանր հանցագործություններում՝ սպանությունից մինչև ահաբեկչություն իրականացնելու փորձեր: «Ադրբեջանի իշխանությունների շահերից է բխում մարդկանց կրոնական զգացմունքներին համընթաց շարժվել, սակայն այնպես գործել, որ շիաները կառավարության գործողություններից չդժգոհեն»,- ընդգծել է այաթոլա Խամենեին։