Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում բանակցություններից հետո: «Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ռուսաստանը հետագայում էլ կնպաստի կողմերի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափում: Եվ, իհարկե, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»՝ ասել է Լավրովը և շարունակել. «Բոլոր մեր քայլերը ձեռնարկվում են համանախագահների կողմից մշակվող սկզբունքային մոտեցումների հունով՝ նկատի ունեմ մեր գործընկերներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան»:
«Ակնկալում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը տրվում է կարգավորման: Դա, առաջին հերթին, անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, այն շրջանների վերադարձի հարցերը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ այն մարդկանց կարծիքը հաշվի առնելով, ովքեր այնտեղ ապրում են, դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ վստահեցնելով. «Այդ ասպեկտների մեծ մասի շուրջ մեզ մոտ համաձայնություն կա: Բայց երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են: Մենք դեռևս հեռու ենք նրանից, որ կողմերը մշակեն միասնական մոտեցում այդ մնացող հարցերի նկատմամբ»:
Ընդգծելով, որ կարգավորման բովանդակային բանակցությունների համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում սրված իրավիճակի լիցքաթափմանը, Լավրովը շեշտել է. «Համոզված եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հաշվի առնելով անցած տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ԵԱՀԿ շրջանակում մշակված առաջարկները»: