Ի տարբերություն Հայաստանի՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք մատակարարում է կոշտ գումարի դիմաց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լրագրող, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենքի մատակարարմանը, ես դրա մասին բազմիցս խոսել եմ: Ադրբեջանը գնում է զենք շուկայում կոշտ գումարի դիմաց: Ռուսաստանը աշխարում զենք արտահանող երկրորդ երկիրն է, այսինքն՝ Ռուսաստանն իր զենքը ներմուծում է շուկա և միջազգային սալոններ, իսկ Ադրբեջանը, ինչպես մյուս երկրները, գնում է այդ զենքը: Այստեղ ոչ մի քաղաքական բաղադրիչ չկա: Կա նաև մեկ այլ նուրբ հարց. Հայաստանն էլ է ձեռք բերում զենք Ռուսաստանից, բայց ոչ միշտ՝ կոշտ գումարով»,- ասաց նա: Կիսելյովի խոսքով՝ այդ առևտուրը ապահովում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործարար հարաբերություններ, ինչն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը:
Լրագրողի դիտարկմանը՝ տարօրինակ չէ, որ Ռուսաստանը, լինելով ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակիցը, զենք է մատակարարում Ադրբեջանին, ինչով կրակում են դաշնակցի զինվորների վրա, Կիսելյովը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի երաշխիքները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքների վրա, որ չճանաչված տարածք է, այդ թվում և Հայաստանի կողմից»: