«Ստիպողաբար ոչ մեկին չենք պահում ԵԱՏՄ-ում: Միայն այս կազմակերպությանն անդամակցությունն է հնարավորություն տալիս գազը գնել ցածր գներով»՝ Բիշքեկում ԵԱՏՄ երկրների վարչապետների հավաքին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Եթե որոշ երկրներ, որ այստեղ ներկա են, չանդամակցեին մեր միությանը կամ, ենթադրենք՝ դուրս գային միությունից, այդ երկրները գազ կգնեին եվրոպական գներով, 200 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ահա և վերջ։ Եվ պետք չէ այստեղ ինչ-որ բաներ ապացուցել, հաշվարկներ անել։ Ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,- ասել է նա ու հավելել՝ «Այս մասին պետք է հիշել, երբ ընդունվում են որոշումներ, որոնք խոչնդոտում են մեր ինտեգրումը։ Վերջապես՝ մենք այստեղ ոչ մեկին ուժով չենք պահում»։
Մեդվեդևի կոշտ հայտարարության հասցեատերը Բելառուսն է, որ լուրջ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ գազի և տարանցման գների շուրջ։
Ղրղզստանում այսօր կայացել է ԵԱՏՄ երկրների վարչապետների հավաքը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։ Բիշքեկյան նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ պետությունների փոխգործակցությունն ամրագրող փաստաթղթեր: Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ, հաջորդ նիստը տեղի կունենա 2017-ի մայիսի 26-ին, Կազանում: