Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրք-գերմանական վեճն օրըստօրե սրվում է

Թուրք-գերմանական վեճն օրըստօրե սրվում է
08.03.2017 | 01:08

Գերմանիայում չի արտոնվել թուրք պաշտոնյաների հանդիպումը Համբուրգի թուրքական համայնքի հետ, ի պատասխան՝ նախագահ Էրդողանը կանցլեր Անգելա Մերկելի կառավարությանը մեղադրել է «նացիստական» գործելակերպի մեջ:
Ապրիլյան սահմանադրական հանրաքվեին պատրաստվող Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փորձում է աջակցություն ապահովել նաև արտասահմանում բնակվող երկու միլիոն թուրքերի շրջանում:
«Ես գնալու եմ, ոչ ոք չի կարող ճանապարհս փակել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով մտադիր էր Համբուրգում հանդիպել այնտեղ բնակվող հայրենակիցների հետ: Համբուրգի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվում է՝ ընտրված սրահի հրդեհային պաշտպանության համակարգն անհրաժեշտ պահանջներին չի համապատասխանում:


Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն անհրաժեշտ են Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների ձայները: Ընդհանուր հաշվով՝ Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող 3-4 միլիոն մարդ, որոնցից Թուրքիայի քաղաքացիություն ունի մոտ 1 և կես միլիոնը: Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեին ներկայացվելու են Սահմանադրության լրամշակումներ, որոնք ուղղված են նախագահի ինստիտուտի հզորացմանը:
Էրդողանն աջակցություն է ակնկալում ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական այլ երկրներում ապրող թուրքերից: Կառավարությունը հավաստիացնում է, որ Սահմանադրության փոփոխությունները կնպաստեն Թուրքիայի կայունությանը, մինչդեռ, ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը կստանա գրեթե անսահմանափակ լիազորություններ, իսկ Թուրքիան կվերածվի ավտորիտար պետության:


Գերմանական քաղաքներում նախընտրական հանդիպումները չեղարկելու որոշումները զայրացնում են նաև թուրք ընդդիմադիրներին, նրանք էլ են ցանկանում հանդիպել համայնքների ներկայացուցիչների հետ և քվեներ կորզել: «Ես կարծում էի, թե նացիստական ժամանակաշրջանը Գերմանիայում ավարտվել է, բայց ոչ, հիմա տեսնում եմ, որ այն շարունակվում է: Իմ նախարարներից մեկը, ով պետք է հանդիպեր ձեր նախարարին, մտադիր էր հանդես գալ ելույթով, ինչո՞ւ եք խանգարում, եթե դեմոկրատիայից եք բարբաջում»,- չեղարկման առնչությամբ ասել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերը քննադատել է Էրդողանի կիրակնօրյա մեկնաբանությունները. «Դաշնային կառավարությունը շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններով: Մենք ունենք լավ տնտեսական կապեր, մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, այդօրինակ համեմատություններն անհեթեթ են և անտեղի»: Էրդողանի հայտարարությանն արձագանքել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ասելով, թե նմանօրինակ գնահատականների անգամ մեկնաբանումն է անիմաստ, մանավանդ, եթե դրանք հնչեցվում են Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ:


Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի օգնականը հայտարարել է, որ արտգործնախարարը, միևնույն է, այսօր Համբուրգում կհանդիպի իր հայրենակիցներին և ելույթ կունենա նրանց համար: Ըստ օգնականի, հնարավոր է, որ հանդիպումը տեղի ունենա նախապես ընտրված սրահում կամ որևէ այլ կենտրոնում:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ