Թուրքիայում հանդիպել են ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը և Թուրքիայի բանակի գեներալ, ԶՈՒ շտաբի պետ Հուլուսի Աքարը: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային հանգստավայր Անթալիայում:
Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ իրավիճակը Սիրիայում և Իրաքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որոշ դիտարկումներով, այս ձևաչափով հանդիպումն աննախադեպ է՝ սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր: Ըստ միջազգային լրատվամիջոցների, ենթադրաբար, քննարկվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հաջորդ փուլը, այդ պայքարում գործողությունների կոորդինացման հետ կապված հարցեր:
Մինչ Անթալիայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպումը, Ջոզեֆ Դանֆորդը վերջերս Բաքվում արդեն հանդիպում էր ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Վալերի Գերասիմովի հետ: Դանֆորդը Բաքվից մեկնել էր Թուրքիա, որտեղ «Ինջիրլիկ» ռազմակայանում հանդիպել էր Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին: «Անադոլու» գործակալությունն այսօրվա հանդիպման մասին իր հաղորդման մեջ նաև հիշեցնում է, որ առաջիկա հինգշաբթի օրը նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկօրյա այցը Մոսկվա: