Ֆրանսիայի Հանրապետությունում նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: «Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա՝ հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն:
Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան։ Միայն այդպիսի Հայաստանն է ունակ պաշտպանելու ինքն իրեն և զորավիգ կանգնելու սփյուռքի իր քույրերին ու եղբայրներին»,- ասել է նախագահը։ Նա նշել է, թե պետք է փորձել ակտիվորեն օգտագործել սփյուռքի մասնագիտական ներուժը, այդ թվում` երիտասարդ ու արհեստավարժ շրջանակների հնարավորությունները, հմտությունները, նորարարական տաղանդը։ «Դուք՝ սփյուռքի մեր հայրենակիցներդ, հային ճանաչելի եք դարձրել ամբողջ աշխարհում: Այժմ եկել է Հայաստանը լայնորեն ճանաչելի դարձնելու ժամանակը: Անհրաժեշտ է աշխատել Հայաստան երկրի և պետության համար ավելի բարձր հեղինակություն և համբավ վաստակելու ուղղությամբ: Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, մեր «ծովը», մեր «ելքը դեպի արտաքին աշխարհ» դուք եք, սիրելի հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել։ Հզորացնենք մեր բոլորի հայրենիքը։ Սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջ է: Պատմության անարդարության հետևանքով աշխարհը դարձել է շատ հայերի տունը, բայց Հայաստանը եղել ու մնում է սփյուռքահայության օջախն ու հարազատ հանգրվանը: Սիրիայի ողբերգությունը և, մասնավորապես, սիրիահայության վիճակը բոլորիս ցավն են: Բայց այսօր, ի տարբերություն մեկ դար առաջ տեղի ունեցած աղետի, մենք ունենք մխիթարություն, որ Հայաստան պետությունն է»,- նշել է նախագահը։
Սերժ Սարգսյանը հավաստիացրել է՝ մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում. «Մեզ համար նրանք փախստականներ չեն, այլ հայրենադարձներ, որ վերադարձել են իրենց տուն: Մենք ջանքեր ենք գործադրում, որ նրանք հիմնավորվեն հայրենիքում և հարմարվեն նոր պայմաններին: Նրանցից շատերն արդեն նոր երանգ են հաղորդել մեր հասարակությանը և նույնիսկ բիզնես միջավայրին: Այո, դժվար է, և շատերը դեռ սպասողական վիճակում են, քանի որ մեծ է քաղաքական անորոշությունը: Այսուհետ պետք է բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ջանքերն ուղղենք նոր Հայաստանի կերտմանը: Դա պետք է լինի նոր՝ ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր երկիր»։