Քարոզարշավի շրջանակներում Էջմիածին այցի ժամանակ ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը նշեց՝ շատ բաներ կան փոխելու երկրում. «Փոխելը պետք է սկսենք մեզանից, բազմաթիվ բան ունենք փոխելու»։ Վարչապետը նշեց, որ իրենք ունեն հստակ պատկերացում, թե ինչպիսի երկիր պետք է կառուցեն: «Այս վեց ամսվա մեջ մենք ախտորոշել ենք այն պրոբլեմներն ու հիվանդությունները, որն ունենք։ Դա մի գործառույթ է, որը չանելով՝ անհնար է լավ լուծումներ տալ»,- նշեց Կարեն Կարապետյանը։ Վարչապետն ընդգծեց՝ իրենք հստակ գիտեն՝ որոնք են Հայաստանի տնտեսության թույլ կետերը, ոնց պետք է ուժեղացնեն։ Կարեն Կարապետյանը նշեց՝ եթե իրենք կատարեն իրենց գործառույթները, 2018-ից ունենալու են շատ հստակ, ռեգուլյար, անընդմեջ կայուն աճ։ «Բայց դա չի նշանակում, որ մենք 2017-ին մեր առջև խնդիր չենք դնում աճ ապահովելու, մենք պետք է լինենք իրատեսական ու մեր իրատեսական մոտեցումները դրել ենք 2017-ի բյուջեի մեջ»,- ասաց նա։ Վարչապետը բոլոր քաղաքացիներին հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին։
«Քաղաքացին պետք է ընտրի այն ուժին, որին հավատում է, ու առաջարկում եմ, որ ձայնը տաք մեզ»,- ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը։
Կարեն Կարապետյանը նշեց՝ իրենք չենք փորձելու արհեստականորեն որևէ մեկի աչքն ու ականջը շոյել։ «Մենք չենք փորձել բաներ խոստանալ, որոնց տակից դուրս չենք գալու»,- նշեց նա։ Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ այսօրվա իրավիճակը բոլորին էլ դուր չի գալիս։ «Լիքը բան ունենք փոխելու, չափազանց շատ, գրգռված ենք, մեկս մյուսի նկատմամբ անհավատ ենք ու դրան օբյեկտիվ պատճառներ կան, բայց ուզում եմ, որ վստահ լինեք, որ մենք ֆանտաստիկ ներուժ ունեցող ազգ ենք, մենք ուղղակի բանաձև չունենք լավ չապրելու, մենք գիտենք՝ ոնց է պետք լավ ապրել, մեզ սարսափելի քրտնաջան աշխատանք է սպասվում ու ապրիլի երեքին չի լինելու հոպլյա ու սաղ լավ լինի»,- ասաց Կարեն Կարապետյանը։