Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվ ոլորտներում:
Նրա խոսքով՝ սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում և արտերկրում մնում է ոչ բավարար: «Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում: Սփյուռքի գործարարները, ներգրավելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը»,- նշել է նախագահը։
Սերժ Սարգսյանն ասել է, որ սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված և նպատակային լինեն՝ միտված Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը:
«Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով սփյուռքը պետք է լինի գիտելիքի և հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար։ Մենք քաղաքացիական հասարակությունը մշտապես դիտարկել ենք որպես գործընկեր և ոչ որպես հակառակորդ: Մենք կարևորում ենք համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում դա թերևս անխուսափելի իրողություն է: Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նախագահը նշել է, թե Հայաստանում բարեփոխումները պետք է լինեն անշրջելի։ «Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել կրթության բնագավառը: Այստեղ կարևոր են նաև սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը, նոր գիտելիքի և հմտությունների ներդրումը կրթության ոլորտում՝ խորհրդատվությունից մինչև դասավանդում: Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում: Վստահ եմ՝ քաջատեղյակ եք, որ առաջիկայում Հայաստանում թևակոխելու է նոր ժամանակաշրջան՝ անցնելով պետական կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ենթադրում է նոր քաղաքական մշակույթ, համակարգային լայնածավալ բարեփոխումներ։ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր մեր երկրի վաղվա օրն ավելի ժողովրդավար, անվտանգ և բարեկեցիկ տեսնելու ցանկությամբ և անհրաժեշտությամբ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։