Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Նախագահն ընդգծել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները և ուղենշելու հետագա անելիքները` նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության ընթացքում Հայաստանը երբևէ չի դադարել ջանքեր գործադրել՝ խրախուսելու կազմակերպության արժեքների և ֆրանսերենի տարածմանը: Նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսերենով կրթական ողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչև համալսարան:
Կազմակերպության հետ համագործակցությունը, նրա համոզմամբ, նպաստեց ոչ միայն Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, այլև հարթակ հանդիսացավ կազմակերպության անդամ և դիտորդ երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Ըստ նախագահի, առանցքային դեր ունեցավ 2015-ին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում: ՀՀ նախագահը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում նշվել է Ֆրանկոֆոնիայի քաղաքապետերի միջազգային ասոցացիայի հետ ծավալված փոխգործակցությունը, որի արդյունքում Երևանի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերենի խորացված ուսուցման համար, վերանորոգվել են երաժշտության և արվեստի դպրոցներ, գրադարաններ:
Անդրադարձ է եղել նաև ֆրանկոֆոն ընտանիքին վերաբերող արդի խնդիրներին, զրուցակիները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության շուրջ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կազմակերպության և անձամբ տիկին Ժանի հավասարակշռված դիրքորոշման համար: Աջակցությունը խնդրով զբաղվող միակ մասնագիտացված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ըստ Սերժ Սարգսյանի, աջակցություն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018-ի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու աշխատանքներին: Նման հեղինակավոր գագաթնաժողովը մեր երկրում անցկացնելու որոշումը, նախագահի խոսքով, ոչ միայն վկայում է կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի հանձնառության, այլև մեր երկրի հանդեպ բարձր վստահության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա շատ պարտավորեցնող է, և Հայաստանը հաստատակամ է ապահովելու այդ կարևոր իրադարձության հաջողությունը: Հանրապետության նախագահը կազմակերպության գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին, նշելով, որ վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ԱԳ նախարարը կազմակերպության հետ համատեղ զբաղված է նախապատրաստական միջոցառումների ծրագրի մշակմամբ: Նախագահն առաջարկել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել կայուն զարգացման, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երիտասարդության հարցերի վրա:
Սերժ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «ՈՒրախ եմ առաջին անգամ գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` բազմազանության, համերաշխության, երկխոսության և համագործակցության մեծ ընտանիքի կենտրոնակայանում: Հայաստանը, որ կազմակերպությանն իր ներգրավվածության տասը տարիներին վաստակել է ակտիվ անդամ պետություն կոչվելու իրավունքը, հանձնառու է առաջ մղել ֆրանկոֆոն արժեքները, որ համամարդկային են: Ասվածի վկայությունն է այն վստահությունը, որ Կազմակերպության անդամ երկրներն ու ղեկավարությունը ցուցաբերեցին Հայաստանի նկատմամբ՝ որոշելով Հայաստանում անցկացնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Անկասկած, մենք պատվով կիրականացնենք վստահված առաքելությունը»,- գրել է նախագահը:
Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման ու ջերմ ընդունելության համար և տիկին Միկայել Ժանին գագաթնաժողովից առաջ ևս հրավիրել է Հայաստան: Գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան հարուստ է իր բազմազանությամբ և ժառանգությամբ, որ կրում են իր անդամները, ուղերձով ու ապագայի տեսլականով, որ կազմակերպությունը կարողանում է փոխանցել Ֆրանկոֆոնիայի մյուս անդամներին: Նա վստահեցրել է, որ կազմակերպությունում ոգևորությամբ են սպասում հայաստանյան գագաթնաժողովին, որը, իր համոզմամբ, լավ հնարավորություն է հայ ժողովրդի համար ցույց տալու վերապրելու, արարելու իր կամքի մեծ ուժը և հաստատակամությունը: