«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է նոր քաղաքական պլատֆորմ ձևավորել՝ մարտի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։
«Մի խումբ քաղաքացիների հետ նոր քաղաքական պլատֆորմ ենք հիմնում, որը կհամախմբի ողջ հայությանը։ Մեր հայրենակիցներն այսօր զրկված են իրենց քաղաքական իրավունքները լիարժեք օգտագործելուց և լիարժեք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին։ Այսօր շատ մարդիկ կան, որոնք չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սփռված են ողջ աշխարհով մեկ և հետևաբար, չեն կարող մասնակցել քվեարկության։ Ընտրական տեղամասեր բացվելու են միայն Հայաստանում, իսկ օտար երկրներում չկան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ շատ է խոսվում, թե ինչպես ներգրավվել սփյուռքահայերին Հայաստանի զարգացման գործում, սակայն դրա համար չեն տրվում քաղաքական իրավունքներ. «Մինչդեռ քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն են այն հիմքը, որի միջոցով մեր հայրենակիցները ներդրումներ կկատարեն Հայաստանում և կնպաստեն մեր պետության զարգացմանը։ Այս բացն առկա է, և որևիցե մեկը քաղաքական պլատֆորմ չի առաջարկել, այդ իսկ պատճառով նոր քաղաքական ուժի նախաձեռնող խումբը միտված է լինելու այս խնդրի լուծմանը»։ Մարտի 15-ին տեղի է ունենալու նախաձեռնության առաջին համագումարը, որի ժամանակ էլ կհայտարարվեն նոր քաղաքական ուժի անվանումն ու ծրագրային թեզերը։