«Ես և իմ գործընկեր Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելենք մարտի վերջերին»՝ ասել է ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ են համանախագահները այցելելու Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: «Մենք սպասում ենք քննարկումների ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների հետ՝ խրախուսելու առաջընթացը դիվանագիտական ջանքերի ուղղությամբ»,- ասաց ԱՄՆ համանախագահը:
Նա կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները: «Շփման գծի հատվածում վերջերս տեղ գտած միջադեպերը վերստին ցույց են տալիս, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները՝ համակողմանի կարգավորման ուղղությամբ»,- նշեց նա:
Հոգլանդի խոսքով, ԱՄՆ-ը «շարունակում է հաստատակամորեն պնդել, որ չի կարող լինել վերադարձ լայնածավալ ռազմական գործողությունների և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»:
«Համանախագահները մշտապես հարմար առիթներ են փնտրում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումների համար, և հուսով ենք, որ մոտ ապագայում նման հնարավորություն կլինի: Իսկ մինչ այդ, մենք մշտապես կապի մեջ ենք նախարարների հետ և պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել բանակցությունների»,- ընդգծեց Ռիչարդ Հոգլանդը: