Սերժ Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցից առաջ, հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը:
«Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,- գրում է գործակալությունը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելուն՝ ասելով. «Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»: Ի դեպ, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եվրոպական ակցենտն ուժեղացել է, ինչը թույլ է տալիս, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ գոնե վերապահումներ հայտնեն Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության որոշ ասպեկտների վերաբերյալ: Սա, անշուշտ, ապրիլյան պատերազմի հիմնական հետևանքներից մեկն է, որը կոտրեց մեր հանրության կարծրատիպերը Ռուսաստանի հանդեպ:
Այնքան էլ ճիշտ չի լինի, եթե արձանագրենք, որ Հայաստանի նախագահի փարիզյան երկօրյա այցի օրակարգում` Ղարաբաղի հարցը բացառիկ էր: Սերժ Սարգսյանի համար պակաս էական չէր Հայաստանում ֆրանսիական կապիտալի ընդարձակման, նոր ներդրումների թեման: Այն քննարկվեց թե՛ պաշտոնական հանդիպումներում, թե՛ այն ելույթներում, որ նախագահն ունեցավ Ֆրանսիայի գործարարների ու հայ համայնքի ներկայացուցիչների առաջ:
Ուշագրավ է, որ Ելիսեյան պալատում երկու նախագահների երկավա հանդիպմանը հաջորդած Սերժ Սարգսյանի հայտարարության տեքստում` անգամ բացակայում էր հիշատակումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Փոխարենը` Ֆրանսիայի նախագահի ձևակերպումը խիստ ներդաշնակ է պաշտոնական Երևանի տեսակետին: «Մենք արձանագրել ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը և պատժել այն գործողությունները, որոնք հակառակ են խաղաղությանը»-շեշտել է Ֆրանսուա Օլանդը:
Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը հուշում է, որ մեկ շաբաթ հետո Իլհամ Ալիևի փարիզյան այցը հաջողության մեծ հեռանկարներ չունի: Ըստ ամենայնի, Օլանդը դառնալու է համանախագահ երկրնրերից առաջինի նախագահը, ով դեմ առ դեմ Ալիևին հորդորելու է զերծ մնալ ռազմական նոր ավանտյուրայից:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ